Ո՞վ է հայ քրիստոնյան ու ինչպե՞ս պետք է պաշտպանի իր ինքնությունը. Տեր Մովսես քահանա Սահակյանը հիշեցնում է՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ փորձությունները հաղթահարել է հենց իր հավատքի և միասնության շնորհիվ:
-Հայ քրիստոնյայի ինքնությունը. ո՞վ է հայ քրիստոնյան
-«Ինքնություն» բառը կազմված է «ինքն» արմատից և «ություն» ածանցից, իսկ «ինքն» բառն անձնական դերանվան հոլովում է: Այսինքն` ասելով «ինքնություն», ես նկատի եմ ունենում հենց ինձ, իմ ԵՍ-ը: Լինել հայ քրիստոնյա, նշանակում է ամբողջական և անսակարկ հավատ տածել դեպի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նրա ավանդույթները, նրա սրբություններն ու դավանած արժեքները: Հայ քրիստոնյան հավատում է Հիսուս Քրիստոսին` որպես Աստծո Որդի և Փրկիչ, ընդունում Ավետարանի ուսմունքները և ձգտում ապրել Քրիստոսի սիրո և խոնարհության օրինակով: Հայ քրիստոնյայի հոգևոր կյանքը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, առանց որի հոգեկան հանգստության լրումը դժվար է պատկերացնել:
Հայ քրիստոնյայի ինքնությունը չի սահմանափակվում միայն կրոնական նվիրվածությամբ դեպի եկեղեցին, այլ իր մեջ կրում է նաև մի տեսակ գենետիկ կոդ` նվիրված հայրենիքին, ազգային արժեքներին, հայկական մշակույթին, հայ-ի անվան պահպանմանը:
Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայի ազգային գոյության խորհրդանիշ
-Հայ Առաքելական Եկեղեցին հայի ինքնության և «ով լինելու» համատեքստում կենտրոնական դեր է խաղում՝ լինելով հոգևոր, մշակութային և ազգային միասնության խարիսխ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայերի համար մշտապես հանդես է եկել իբրև հավատի աղբյուր և Քրիստոսի հետ հաղորդակցության սրբազան վայր, դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի ինքնութենապահպանման կենտրոն: 301 թվականին քրիստոնեության ընդունումից ի վեր` ցայսօր, եկեղեցին դարձել է հայի ազգային գոյության խորհրդանիշ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով է ստեղծվել և պահպանվել հայոց լեզուն, գրականությունը և մշակույթը, հատկապես այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը զրկված էր պետականությունից:
Երբ չկար անկախ պետություն, չկային պետական կառույցներ, հայերի համախմբման միակ միջոցը, թե՛ մայր հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս, եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, և միայն այդ առաքելության շնորհիվ է, որ վերջին անգամ 14-րդ դարում կորսված պետականությունը հնարավոր եղավ վերականգնել շուրջ 6 դար անց` ի դեմս Հայաստանի Առաջին Հանրապետության, որի վերականգման արմատներում էլ կանգնած էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը:
Ո՞վ ենք մենք առանց ինքնության ու արժեքների
-Առանց ինքնության և արժեքների՝ մենք կորցնում ենք մեր հոգևոր, մշակութային և ազգային էությունը, ինչը մեզ դարձնում է առանց արմատների մի ծառ, որն անկայուն է քամու առաջ: Հայի ինքնությունը խարսխված է Քրիստոսի հավատքին, Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներին, հայրենիքին և մշակույթին: Հայ քրիստոնյայի համար հավատը ներքին խաղաղության, ներողամտության և սիրո ամրապնդման միջոց է: Առանց դրա՝ անհատը կարող է ընկնել բարոյական շփոթության կամ անտարբերության մեջ: Հայի ինքնությունը անքակտելիորեն կապված է նրա պատմության, լեզվի և մշակույթի հետ: Եթե կտրվենք մեր արմատներից, կկորցնենք կապը մեր նախնիների ժառանգության հետ՝ Գրիգոր Լուսավորչի հավատից մինչև Մաշտոցի գրեր, մինչև Կոմիտաս և Այվազովսկի: Սա կարող է հանգեցնել ազգային միասնության թուլացման, հատկապես սփյուռքում, որտեղ եկեղեցին է հայկական համայնքի գոյության երաշխիքը: Առանց եկեղեցու, լեզվի և ավանդույթների, հայը կարող է ձուլվել օտար մշակույթներին, ինչն առավելաբար տեսանելի կլինի սփյուռքում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատևել է իր ինքնության շնորհիվ, նույնիսկ առանց պետականության: Եթե կորցնենք մեր հավատն ու մշակույթը, կդադարենք լինել հայ:
Երբ մեր ինքնության ու արժեքների դեմ մեծ սպառնալիք կա…
-Երբ ազգային արժեքների և ինքնության դեմ կա սպառնալիք, անհրաժեշտ է գործել հավատքով, իմաստությամբ և միասնությամբ՝ պաշտպանելու մեր հոգևոր, մշակութային և ազգային ինքնությունն ու ժառանգությունը: Սպառնալիքներն ու մարտահրավերները կարող են լինել տարբեր` արտաքին կամ ներքին ուժերի կողմից, կամ նույնիսկ միաժամանակ, սակայն Աստվածաշունչը, եկեղեցին մեզ սովորեցնում են, որ ամեն տեսակ դժվարություն հնարավոր է հաղթահարել Քրիստոսի լույսով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում վերադառնալ Աստծո խոսքին: Աղոթքը, Սուրբ Պատարագին և Սուրբ խորհուրդներին մասնակցությունը ամրացնում են հոգևոր ուժը: Երբ մեր հավատն ամուր է, արտաքին սպառնալիքները չեն կարող խաթարել մեր ներքին խաղաղությունը:
Արժեքների և ինքնության պաշտպանությունը պահանջում է հավատք, միասնություն և գործնական ջանքեր:
Սպառնալիքներին դիմակայե՛նք սիրով, ճշմարտությամբ և համբերությամբ՝ մեր մտքում միշտ արթուն ունենալով այն հիշողությունը, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ փորձությունները հաղթահարել է հենց իր հավատքի և միասնության շնորհիվ:
Աղբյուրը՝ Qahana.am