Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք՝ Լաուրա Եփրեմյանին 2010 թ.-ին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:
Դա Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներն են։ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր 928 770 դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։
Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է նրանց հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Լաուրա Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Հիշեցնենք, վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ:
Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կառավարությունը փոփոխություն կատարեց 2010թ․ հունիսի 3-ի որոշման մեջ, որով սահմանված էր պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Նոր որոշամբ վարձավճարների չափերն ավելացել են։ Օրինակ՝ Հրազդանի անտառտնտեսության Ծաղկաձորի անտառպետության 1 հա-ի նվազագույն վարձավճարի չափ սահմանվել է՝
- 1002.3 հազար դրամ՝ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործման համար
- 578.25 հազար դրամ՝ կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործման համար
- 64.25 հազար դրամ՝ գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործման համար։
Լաուրա Եփրեմյանը նաև պարտավորվել է փոխհատուցել քաղաքացիական գործի շրջանակներում իրականացված դատահաշվապահական փորձաքննության հետ կապված ծախսը՝ 126 հազար դրամը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: