Եթե ներդրումները բացասական են, սա հիվանդության վերջին ստադիան չէ, երբ սկսում է արդեն կապիտալը փախչել՝ սա խիստ վտանգավոր է: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ-ում առկա է կապիտալի շարունակական փախուստ:
«Ինչ-որ մեկն արդեն բնակարանով է իրեն ապահովվում որևէ այլ երկրում, ինչ-որ մեկը բիզնեսն է տեղափոխում, ինչ-որ մեկը բիզնեսն արդեն վաճառքի է հանել: Խոշոր գործարարների հետ երբ որ զրուցում ես ու փորձում ես նրանց մոտեցումները, վարքագիծը, ապագայի տեսլականը պատկերացնել՝ բոլորը տրամադրված են վաճառքների», - ասել է Նաիրի Սարգսյանը:
Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներում, այդ թվում ԱՄԷ-ում հայերի կողմից ձեռքբերումների վիճակագրություն է հրապարակում, թե որքան բնակարաններ են ձեռք բերել:
«Ինչի՞ մասին են սրանք խոսում: Հայաստանի բանկային շահույթներն անընդհատ ավելանում են, ավանդները նվազում են պարբերաբար: Սրանք խոսում են նրա մասին, որ ՀՀ քաղաքացին ՀՀ-ի հետ այլևս հույս չի կապում», - եզրափակել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը: