Foto

Օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար նոր Պրահա է լինելու


Այսօր հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ: The Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը «կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»։

Ուշագրավ է, որ Հայաստանը և Ադրբեջանը մինչ այժմ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար միջնորդների կարիք չեն ունեցել: Մի քանի միջնորդական փորձեր եղել են Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ-ի և Իրանի կողմից: ԵՄ միջնորդությունը բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Ֆրանսիայի միջնորդությունները ոչինչ չտվեցին, բացի մի քանի կցկտուր հակաադրբեջանական հայտարարություններից: Դրանք Ադրբեջանի կողմից ուղղակի ծաղրի ենթարկվեցին և արհամարհվեցին, թեև ֆրանսիական ներդրումներն Ադրբեջանում և երկկողմ առևտևաշրջանառությունը շարունակվում են և աճում: Այսինքն ֆրանսիական միջնորդությունը զուտ այդ երկրի տնտեսական և քաղաքական շահերը Ադրբեջանում ամրապնդելու համար էին: Թուրքիայի միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում մշտապես բխել է Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի շահերից: Սկզբում դա պայմանավորված էր արցախյան հակամարտության կարգավորմամբ, իսկ 44-օրյա պատերազմից և Արցախի վերջնական հայաթափումից ու բռնազավթումից հետո՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության համաթուրանական ծրագրերի իրականացմամբ:

Միայն Ռուսաստանի միջնորդական ջանքերն են մշտապես մերժվել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի կողմից: Իրենց հակառուսական դրսևորումներում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նրբանկատությամբ աչքի չեն ընկնում: Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ-ն, արգելում է ռուսական ազդեցության գործիչների մուտքը, սահմանային հսկողության անցակետերիվ հեռացնում է ռուս սահմանապահներին և այլ: Ադրբեջանը բացահայտ օժանդակում է Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ, ամեն առիթով հակառուսական դեմարշներ է անում տարբեր միջազգային հարթակներում, իսկ այս օրերին ուղղակի բաց կոնֆլիկտի մեջ է՝ Ռուսաստանում ադրբեջանական հանցավոր խմբավորումների պատճառով:

Հիմա ԱՄՆ հերթն է եկել: Հանուն արդարության՝ սա նորություն չէ, բայց ոչ մի տեսանելի ազդեցություն դեռևս չի ունեցել: Ամեն ինչ կատարվել է «սողացող» ընթացքով: Ադրբեջանում թուրքական (իրականում ՆԱՏՕ-ական) զինվորականության ներկայությունը, Հայաստանում համատեղ զորավարժությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Միացյալ Նահանգները հիմա տարածաշրջանում առարկայական ներկայություն ունեն և դա նրանց հնարավորություն է տալիս գործնական միջամտություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ:

Իսկ Միցյալ Նահանգների ինչի՞ն է դա պետք: Հենց այստեղ է թաքնված խնդրի բուն բովանդակությունը:

Թրամփին չհաջողվեց արագ կանգնեցնել իր իսկ երկրի կողմից հրահրված ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որտեղ խայտառակ պարտություն է կրում՝ իր եվրոպական դաշնակիցների հետ միասին: Նրան չհաջողվեց ծնկի բերել Իրանին՝ իր մյուս դաշնակից Իսրայելի հետ համագործակցությամբ: Ավելին՝ Իսրայելն այնպիսի վնասներ կրեց 12-օրյա պատերազմում, որ ծնկաչոք աղերսում էր Թրամփին՝ միջամտել և դադարեցնել ռազմական գործողությունները: Հիմա Թրամփին «հաղթանակներ» են պետք, որոնք ոչ միայն կբարձրացնեն նրա վարկանիշն ընտրողների մոտ, այլև խիստ անհրաժեշտ է մեկուսացնել Իրանին՝ հնարավոր նոր պատերազմից առաջ, և Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից՝ որպեսզի ոչ միայն չկարողանա օժանդակել Իրանին, այլև ստպված լինի գնալ զինադադարի՝ Ուկրաինայում: Այսինքն այս ամբողջ գործընթացն, իր սուր ծայրով, ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ:

Առաջին հայացքից դա Թրամփի և Միացյալ Նահանգների շահն է: Սակայն ցավալին այն է, որ դրա գործիքն է դառնում Հայաստանը: Ադրբեջանը կորցնելու շատ բան չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանից առանց այդ էլ ամեն ինչ ստացել է կամ ստանում է՝ առանց դիմադրության: Կորցնողը բացառապես Հայաստանն  ու հայ ժողովուրդն են, որովհետև այն «համաձայնագիրը», որին փորձելու է միջնորդել Միացյալ Նահանգները, անկասկած ունենալու է «միջանցքային» տրամաբանություն: Որքան էլ Փաշինյանն ու իր մերձավոր թիմակիցները փորձեն համոզել, թե դա ոչ մի ազդեցություն չի ունենալու Հայաստանի ինքնիշխանության վրա, դրանք սոսկ բառեր ու դատարկ ձևակերպումներ են: Հայաստանին պարտադրվելու են այնպիսի ստորացուցիչ պայմաններ, որից դուրս գալն այլևս անհնար է լինելու: Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ միայն տարածքային կորուստներ են ունենալու, թեև դա քողարկվելու է «խաղաղության խաչմերուկ» կամ «Թրամփի կամուրջ» ձևակերպումներով, այլև Հայաստանը դարձնելու են աշխարհաքաղաքական առևտրի կամ ռազմական բախումների թատերաբեմ՝ նույն Իրանի և Ռուսաստանի դեմ Միացյալ Նայահանգների և նրա դաշնակիցների համար:

Կարո՞ղ է Փաշինյանը դիմակայել՝ ոչ: Ուզո՞ւմ է՝ ոչ, որովհետև ընտրություններից առաջ նրան գոնե մի թղթի կտոր պետք է լինելու, իբր խաղաղություն է բերել: Օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար նոր Պրահա է լինելու, որի հետևանքներն առավել անդառնալի են լինելու:

 

 

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան