Foto

Սյունիքում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանա

Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։

Սկսվել է հետապնդում։

«Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։

Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։

Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն։

Հայտնաբերվել է 12 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 12 կիլոգրամ 660 գրամ։
Հետագա միջոցառումներին ներգրավվել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները։

Ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, թե ում պետք է փոխանցվեր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանան։

Հաջորդ օրն արդեն Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվեց նաև այդ անձը։ Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն են կալանավորվել են։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։