Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետր տեղաշարժվել է հարավ-արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը, գրում է gazeta.ru-ն։
Ինչպես պարզաբանել են մասնագետները, հաշվարկները կատարվել են գեոդինամիկ դիտարկումների հիման վրա։ Ամենամեծ կոսեյսմիկ տեղաշարժերը գրանցվել են թերակղզու հարավում՝ դրանք հասել են գրեթե երկու մետրի։
Երկրաֆիզիկոսները նշել են, որ նման ցուցանիշները համեմատելի են 2011 թվականին Ճապոնիայի Տոհոկու շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո գրանցված հորիզոնական շարժումների հետ։
Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել վերջին տասնամյակների ամենաուժեղ երկրաշարժը՝ 8.8 մագնիտուդ հզորությամբ: Ցնցումները զգացվել են նաև Կուրիլյան կղզիների հյուսիսում: Հայտարարվել է ցունամիի վտանգ, և Սևերո-Կուրիլյան շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Չորս ալիքներ մասամբ վնասել են նավահանգստի ենթակառուցվածքները և այլ կառույցներ:
Աղբյուրը՝ Tert.am