Foto

«Nissan»-ում պայթյուն է եղել, բենզին լցնելու պահին մեքենայում տղամարդը ծխախոտ է վառել․ Shamshyan


SHAMSHYAN.com-ը հուլիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը նոր փաստեր է ձեռք բերել, ինչպես նաև՝ տեսախցիկի կողմից արձանագրած պայթյունի պահը՝ տեսաձայնագրությամբ։ 

Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։

Նշված անձիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն»։

Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում նշված գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, ովքեր գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից և առաջ ընթանում ու այնտեղ արդեն կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ, ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվող վիրավորներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նշված անձինք գազը լիցքավորելուց հետո մոտենում բենզինի լիցքավորման համար նախատեսված սարքին և ավտոմեքենայի մեջ վառում ծխախոտ, որով նաև հերքվում է այն կարծիքը, թե ավտոմեքենան պայթել էր գազ լիցքավորելու ժամանակ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Տեղում նույն վաշտի պարեկներ Սամվել Ումրշատյանն ու Վահե Ստեփանյանը վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։