Foto

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի այսպես կոչված «դատավարությունը»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, լսվել են «տուժածների» ցուցմունքները։

Ռուբեն Վարդանյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Նա հայտնել է, որ պաշտպանության կողմը նախկինում դատական նիստերի արձանագրությունները վերանայելու միջնորդություն էր ներկայացրել։ Նա խնդրել է, որ իր փաստաբան Ավրամ Բերմանին թույլատրվի իր բացակայությամբ ծանոթանալ արձանագրություններին։

Դատավորը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվել է, «քանի որ դա մեղադրյալի իրավունքն է»։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբանին մշտական հասանելիություն կտրամադրվի լսումների արձանագրություններին։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև, որ իրեն թույլատրվի յուրաքանչյուր նիստից առաջ գաղտնի հանդիպում ունենալ փաստաբանի հետ՝ պարզաբանելով, որ ունի հարցեր, որոնք կցանկանար անձամբ քննարկել։ Այդ խնդրանքը ևս, ըստ տեղեկությունների, բավարարվել է։

Երրորդ միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը և իր փաստաբանը նախկինում խնդրել էին իր միջնորդությունների վերաբերյալ կայացված որոշումներից քաղվածքներ տրամադրել։ Դատավորը առաջարկել է դատարանին ներկայացնել պարտադիր լսումների ցանկը և խոստացել տրամադրել համապատասխան փաստաթղթերը։ Վարդանյանը պարզաբանել է, որ կցանկանար ստանալ վերջին 6 ամիսների ընթացքում կայացված բոլոր որոշումները։ Դատավորը հայտարարել է, որ քաղվածքների մի մասն արդեն տրամադրվել է պաշտպանության կողմին, իսկ մնացածը կտրամադրվի։

Փաստաբան Ավրամ Բերմանը աջակցել է բոլոր միջնորդություններին։