Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների հետ կապված խնդրին։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը, պարզաբանելով իրավիճակը, նշել է, որ Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան։ Պետրոսյանի խոսքով՝ սա նորմալ պահանջ է և նորմալ է ամբողջ աշխարհում։
«Պայմանները բոլորի համար նույնն են։ Կա ռուսական շուկան, որտեղ մենք ուզում ենք արտահանել, և որը, գուցե, մեր արտադրողների համար ավելի նպատակահարմար շուկա է։ Բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Դա կապված է հիվանդությունների հետ, վնասատուների հետ։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո ստուգում անցնելուց հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է, նորմալ պայման է»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երկար տարիներ որեւէ խնդիր չի եղել, հիմա նոր խնդիրներ են առաջացել՝ ՍԱՏՄ ղեկավարը պատասխանեց.
«Դա կարող էր լինել 10 ամիս առաջ, կամ 10 ամիս հետո։ Անհայտ ծագման ընկերությունների վրա մեր արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Բայց մի օր ընդունող կողմն ասել է՝ ինչքա՞ն պետք է այսպես լինի, բավարար է։ Այսինքն` մենք արտահանում ենք մի X կազմակերպության վրա ապրանք, որը իրականում տեղյակ չի, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, դուք այսքան ապրանք եք ստացել։ Այդ մարդը հաղորդում է տալիս, ասում է՝ ես բացառապես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ։ Այդ պատմությունը միակը չէ, մենք ունենք բազմաթիվ նման նամակներ»,- նշեց Պետրոսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է պետությունն աջակցելու մարդկանց, որոնք վարկ են վերցրել, տուժել են և հիմա չեն կարողանում իրենց ծաղիկը արտահանել, Տիգրան Պետրոսյանն ասաց․
«Վարկը վերցրել են, որ արտադրեն ապրանք, որը համապատասխանում է միջազգային շուկային։ Եթե հիմա մենք արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման, ոչ ոք չի կարող գնալ այդ շուկային ստիպել, ասել՝ ոչ, դու պետք է ընդունես այս անորակ ապրանքը։ Մենք լուծումը արդեն ասել ենք՝ բոլորը պետք է գնան, իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ իրականացնեն»։
Տիգրան Պետրոսյանը մանրամասնել է արտահանման սխեման։
«Հայկական կողմն արտադրում է ապրանք, վաճառում է ռուսական կողմի որևէ կազմակերպության, այդ կազմակերպության տվյալները ուղղակի վերցնում են, ձևակերպում են։ Մենք դա չենք կարող վերահսկել, այդ կազմակերպությունը կա՞, նավթ է վերամշակում, թե՞ իրականում, ենթադրենք, ծիրանի վաճառքով է զբաղված։ 180 օր հետո նրանց մոտ առաջանում է հարկային պարտավորություն, որ պետք է գնան ՌԴ տարածքում անեն ներմուծված ապրանքի վճարումները։ Ոչ մեկ չի գնում, չի անում, ռուսական կողմի համար դա դարձել է մտահոգություն, թե ինչքան պետք է այդ ամեն ինչը շարունակվի։
Երբ ապրանքը գալիս է սահմանն անցնելու, նախնական զննում է անցնում, հետո արդեն պետք է գնան վերջնական կետ, ներկայացնեն բուսասանիտարական սերտիֆիկատը, որ մենք եկել ենք արդեն ստացման վայր, ստացել ենք մեր ապրանքը, հսկողություն անցկացնեն ու վերջնական ելքի կնիքը դրվի։ Այդ մարդիկ դա չեն արել տարիներ շարունակ։ Իրենք էլ դա գիտեն։ Հիմա ասում են՝ հետայսու պատրաստ ենք աշխատել այդ մեխանիզմով».- մանրամասնեց նա։
Պետրոսյանն ընդգծեց, որ կազմակերպությունները, որոնք ընդունել են ապրանքը, ուղղակի հնարված կամ ինտերնետից վերցված կազմակերպությունների անուններ են։ Հայաստանն այդ սխեմայի պատճառով չի տուժել, տուժել է ստացող կողմը, քանի որ հարկերից խուսափելու դեպքեր են գրանցվել, ընդունող կողմը հարկերը չի վճարել։
«Փորձեմ ավելի պարզ բացատրել, պատկերացրեք՝ ինչ-որ մեկը Ռուսաստանում ընկերություն է բացում, հաջորդ օրը փակում է, բայց կնիքը մնում է նրա ձեռքում։ Այդ կնիքով նա Հայաստանից ընդունում է ծաղիկներ։ Դա բացահայտվում է տարիներ անց, երբ պատկան մարմինները տեսնում են, որ պարբերաբար ծաղիկ է ներմուծվում ու դրա հետքերը կորում են։
Պետրոսյանը նաև ասաց, որ խնդրի շուրջ ամենօրյա ռեժիմով բանակցում են «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ։