Foto

Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ. Արթուր Վանեցյան

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ես բազմիցս ասել եմ՝ չբացառելով փողոցային պայքարն ու հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրությունների, որովհետև ընտրություններն, այսպես թե այնպես, մի օր լինելու են ու իշխանությունն իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի,  պատրաստ չի լինելու, եթե հիմիկվանից չպատրաստվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Վանեցյանի՝ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը կկարողանա առաջնորդել ու իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ողջունելի է, ինքը կանգնելու է այդ ուժի կողքին, սակայն այս պահին նա զերծ կմնա որևէ շարժում նախաձեռնելուց։

Ինչ վերաբերում է  գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին՝  Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ չի կարող գնահատական ալ, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Կարապետյանը։

«Շատ ցավում եմ, որ հիմա կալանավորված է, դա մեր բոլորի ամոթն է, որ մեծանուն հայ գործարարն ու բարերարն այսօր ճաղերի հետևում է շինծու քրեական գործի շրջանակներում, ինչ վերաբերվում է  քաղաքական ուժ ձևավորելուն՝ լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ»,- հավելեց Արթուր Վանեցյանը։