Foto

Թուրքիան հրապարակել է իր սահմանակից երկրների հետ առևտրի ցուցանիշները

Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների միությունը հրապարակել են 2025-ի 1-ին կիսամյակում սահմանակից հարևան երկրների արված արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտահանման ծավալները սույն թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ կազմել են 131 մլրդ 440 մլն դոլար և նախորդ տարվա համեմատ աճել 4.1%-ով։

Իսկ մասնավորապես սահմանակից երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրաք, Իրան, Սիրիա և Հունաստան արված արտահանման ծավալները հասել են 13.3 մլրդ դոլարի։ Նշվում է, որ 2024-ի նույն ժամանակահատվածում հարևան երկրների հետ արտահանման ծավալները կազմել էին 12 մլրդ 679 մլն, այսինք 2025-ին արտահանման ցուցանիշն աճել 4.8%-ով։

Հարևան երկրներից Թուրքիան ամենաշատ արտահանումն իրականացրել է Իրաք` 5 մլրդ դոլար։ Իրաքին հաջորդում են 2.2 մլրդ դոլարով Բուլղարիան, 1.8 մլրդ դոլարով Հունաստանը և 1.7 մլրդ դոլարով Վրաստանը։

Տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։

Հրապարակած տվյալներում Նախիջևանի հետ առևտուրը չի ներառվում, քանի որ պաշտոնական տվյալներ չկան, իսկ Հայաստանին անդրադառնալիս ընդգծվում է, որ ուղիղ ցամաքային առևտուր չկա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը ավելի վաղ հրապարակել էր 2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրներ արված արտահանման ծավալների ցուցանիշները։

Այդտեղ նշվում էր, որ 2025-ին Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար։