Foto

Բագրատ Սրբազանը կալանավորվել է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Բագրատ սրբազանին կալանավորելու մասին միջնորդությունը: Պաշտպանության կողմը հայտնել է, որ կբողոքարկվի կալանավորման որոշումը։


Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված այս գործով կալանավորվել են նաև ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։

Հրարյ սարկավագ Հակոբյանի և գործարար Տիգրան Գալստյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր։
Իշխանությունների հորինած այս գործով մեղադրանք է ներկայացվել 16 անձի՝ ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման նախապատրաստության հոդվածներով։


Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Էրդողանի հետ հանդիպելու, ոստիկանության ներքին զորքերը գրավել էր մայրաքաղաքը ու մոտ 80 մարդու բերման ենթարկել։ ՔԿ-ն հայտարարեց, որ նշված անձինք չեն ներկայացվել նախաքննական մարմին եւ որ իրենց մոտ որեւէ վարույթ չի քննվում։Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվականով տարածվեց «հեղաշրջան պլանի» մասին ինչ-որ նյութ, որի տիրաժավորմանն անմիջական մասնակցություն ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, ինչից հետո ՔԿ-ն հայտարարեց այն քննության առարկա դարձնելու մասին, իսկ հունիսի 25-ին արդեն վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել քաղաքական ընդդիմախոսների բնակության վայրերում, ինչին հաջորդել են ընդդիմախոսների ձերբակալությունները։ Մասնավորապես, ձերբակալվել է 14 անձ, 16 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման նախապատրաստման հատկանիշներով, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան