Այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը և այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետջ զրույցում ասաց «Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Այդ ձայնագրությունը լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում և ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են, արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործի քննությունը ցույց կտա: Համենայն դեպս չի բացառվում, որովհետև այդ գործիքն արդեն օգտագործվել է»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկվա հրապարակած «հեղաշրջման պլանին» և այսօրվա գործողություններին, Խուդոյանն ասաց, որ դա պատերազմական լեզվով ասած հրետանային նախապատրաստություն է, որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն:
Փաստաբանը նշեց, որ Սրբազանին երևի թե միանգամից դատարան կտեղափոխեն, բայց դեռ հայտնի չէ, թե որ դատարան: Նա նշեց, որ երկու հոդվածով է անցնելու Սրբազանը, որից մեկը նախատեսում է առավելագույնը 12, մյուսը՝ 15 տարվա ազատազրկում:
«Իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստի գիտությունն ընդունելու, ճշմարիտ համարելու պարագայում, միևնույն է, այս հոդվածներով մեղադրանք չէր կարող առաջադրվել»,- ասաց նա:
Հարցին՝ Սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցել է քննարկել հրապարակված ձայնագրությունը, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Այն, ինչ որ տեղի է ունեցել ներսում, այս պահին չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել»։
Խուդոյանը նշեց, որ ակնկալում են, վարույթն իրականացնողը դատարան ներկայացնելու է ամբողջական ձայնագրությունը, ոչ թե հատվածական, դրանց մեջ հնարավոր փոփոխություններ կատարված լինելու բացառման համար