ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողը Air Force One-ի ինքնաթիռում հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյոք նա աջակցո՞ւմ է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի 5-րդ հոդվածին, գրում է Bild-ը։
Ըստ 5-րդ հոդվածի՝ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրների վրա, որոնք պարտավորվում են ռազմական օգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։
Թրամփը խուսափել է ուղիղ պատասխանից. «Դա կախված է ձեր սահմանումից։ Գիտեք, 5-րդ հոդվածի բազմաթիվ սահմանումներ կան։ Դուք գիտեք դա, չէ՞»։
Համարո՞ւմ է արդյոք Թրամփը, թե ինքը պարտավոր չէ կատարել փոխօգնության պարտավորությունը։
«Ես պարտավորված եմ զգում լինել նրանց բարեկամը։ Գիտեք, ես ընկերացել եմ Եվրոպայի շատ առաջնորդների հետ և պարտավորված եմ զգում օգնել նրանց։ Ես կողմ եմ մարդկային կյանքեր փրկելուն։ Ես կյանքի և անվտանգության կողմնակից եմ, և կտամ ձեզ ճշգրիտ սահմանում, երբ պատրաստ լինեմ», -ասել է նա։
Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը միանշանակ չհաստատեց պատերազմի դեպքում ցանկացած հանգամանքներում դաշնակցին օգնության հասնելու պատրաստակամությունը և իր հավատարմությունը 5-րդ հոդվածին։
Մյուս կողմից, Թրամփը կարծում է, որ ինքն ամրապնդում է ՆԱՏՕ-ն, քանի որ ստիպում է դաշնակիցներին ներդրումներ կատարել պաշտպանության մեջ։ 2017 թվականին, երբ սկսվեց նրա առաջին ժամկետը, ՆԱՏՕ-ի 28 պետություններից միայն յոթն էին «գոնե ինչ-որ բան վճարում»։ Բայց այսօր, Թրամփը հպարտությամբ պնդում է. «Նրանք շատ ավելի շատ են վճարում, որովհետև ես դա պահանջեցի»։