Foto

Վաղարշապատում դարձյալ համայնքի ղեկավար չի ընտրվել. Հետք

Այսօր՝ 2025թ. հունիսի 25-ին, Վաղարշապատ համայնքի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների նախաձեռնությամբ ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Այս մասին տեղեկացնում է Հետք էլեկտրոնային պարբերականը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները բոյկոտել են և չեն ներկայացել նիստին։ Նույն խմբակցության ավագանու անդամները բոյկոտել էին նաև օրեր առաջ՝ հունիսի 12-ին նույն օրակարգով հրավիրված արտահերթ նիստը։

Այսօր ավագանու նիստին ներկայացել են միայն ընդդիմադիր «Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների ավագանու 11 անդամները։

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվել էր, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները նախաձեռնեցին արտահերթ նիստեր, որոնք տապալվեցին ՔՊ-ի կողմից։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից: