«Դա իրենց նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում»,- «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը՝ մանրամասնելով «գունավոր հեղափոխությունների» սցենարները, երբ տվյալ պետության հենասյունային կառույցների նկատմամբ մեծ արշավ է սկսվում, որի նպատակն է՝ այդ հենասյունային կառույցների ջլատումը, թուլացումը, կազմաքանդումը եւ դիմադրողականության առանցքային կառույցների ոչնչացումը։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Եկեղեցու տեղը, դերը հայոց պատմության, պետականաշինության եւ պետականության պահպանման գործընթացում։ «Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության մի մասն է եւ այդ հազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձեւավորման եւ առաջմղման»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ դա տեսնում ենք նաեւ Սփյուռքում՝ չձուլման քաղաքականությամբ։ «Այսինքն, Առաքելական եկեղեցին հայկական դիմադրողականության հիմնական ապահովողն է եղել, առավել ևս երբ պետություն չենք ունեցել։ Ուստի, գործող իշխանությունը իրեն թշնամի է հայտարարել Եկեղեցուն՝ դեռ 2018-ից՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմամբ»,- հավելեց նա։