Foto

Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում. դեսպան Սոբհանի

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին, «Սպուտնիկ» գործակալության հայաստանյան ծառայության փոխանցմամբ, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասել Սոբհանին՝ հավելելով, թե «փորձվածը փորձելը սխալ է»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին Իսրայելի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին` աջակցության և զորակցության համար։

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքում հնարավոր ագրեսիայի և «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցին՝ դեսպան Սոբհանին շեշտել է՝ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին նաև այն համատեքստում, որ Իսրայելը կփորձի առանձին երկրներ օգտագործել իր շահերի համար։ Նրա խոսքով՝ Իրանը կապի մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։  Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ Իրանի կարմիր գծերը հստակ են։

«Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ Սակայն մենք իրողությունների և փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք և անընդհատ ՀՀ կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- ասել է Իրանի դեսպանը։

Նա հավելել է ՝ երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը նաև հետագայում կազդի նրանց հետ հարաբերությունների վրա։

«Բարեկամին և թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում»,- ասել է Սոբհանին։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են, որ լարվածությունը չսրվի, քանի որ դա բխում է բոլոր երկրների շահերից։