Foto

Եթե մեր քաղաքացիներից փորձենք ճշտել, թե որտե՞ղ է գտնվում իր բնակավայրին ամենամոտ թաքստոցը, ապա չենք լսելու պատասխան․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Արդեն հինգերորդ օրն է՝ տարածաշրջանը եռում է, բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված նաև մեր անվտանգության հետ։

Խորհրդային տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում քաղպաշտպանության պլանավորմանը։ Կար կենտրոն, որը որոշում էր կառուցվող ապաստարանների տեղն ու կարգը։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկություններն ու սպառնալիքները, մենք իրավունք չունենք մատների արանքով նայելու այս ոլորտին։ Տարիներ շարունակ բարձրաձայնվում է քաղպաշտպանության խնդիրների մասին։

Մասնավորապես, լրջագույն խնդիրներ ունենք քաղպաշտպանության օբյեկտների, բնակչության հետ աշխատանքի առումով։ Վստահ եմ, եթե մեր քաղաքացիներից փորձենք ճշտել, թե որտե՞ղ է գտնվում իր բնակավայրին ամենամոտ թաքստոցը, մեծամասամբ, չենք լսելու պատասխան։ Բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք ռազմական գործողությունների ժամանակ պետք է ծառայեն որպես թաքստոց, գտնվում են հակասանիտարական վիճակում։ Դրանք լցված են աղբով, կոյուղաջրերով։

Շատ հաճախ նկուղները յուրացվում են բնակիչների կողմից կամ տրվում վարձակալության։ Հարց է առաջանում․ շենքի բնակիչները որտե՞ղ պետք է պատսպարվեն, եթե մոտակայքում չկա մետրոյի կայարան կամ ստորգետնյա կայանատեղի։

Վերջերս այցելել էի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին։ Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Խնդրի մասին բարձրաձայնել եմ, դիմել պատկան մարմիններին, բայց առ այսօր չի ձեռնարկվել որևէ քայլ ապաստարանը կարգի բերելու ուղղությամբ։

Վստահ եմ, որ այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Բավարար չեն սահմանամերձ համայնքներում կառուցվող ապաստարաններն ու ռմբապաստարանները։ Հակառակորդի նշանառության տակ գտնվող գյուղերում, հատկապես, դրանք խիստ անհրաժեշտություն են։

Պետության հիմնական գործառույթներից մեկը քաղաքացիների պաշտպանությունն է, հետևաբար, քաղպաշտպանության պլանավորումը և ոլորտը ռազմավարական հռչակելը պետք է դառնան օրակարգային հարցեր»։