Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով Թեհրանի ու Թել Ավիվի միջև վերջին զարգացումներն ու մտքեր փոխանակելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Իրանի իմ գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համահունչ՝ ընդգծեցինք տարածաշրջանում ռիսկերի կառավարման և սրացումից խուսափելու կարևորությունը։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ, ներառյալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կապված քննարկումները»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հետևել միջազգային իրավունքին։