Foto

Միասին պաշտպանե՛նք մեր ինքնությունը, մերժե՛նք Հայաստանի կառավարչի զարհուրելի վարքագիծը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով:

Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։

ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:

Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:

Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է էմեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականությանխնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին:

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը:

Մեր պարտականությունն է՝ պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:

Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը։

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե´նք մեր ինքնությունը: Հավատով հույսով և միասնությամբ՝ հանուն հոգու և Հայրենիքի փրկության։

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ