Foto

«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմին (ֆոտո, վիդեո)

Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում կրկին հնչեց զուռնա-դհոլ։ Հայկական սպորտի երկրպագուները մեծ շուքով դիմավորեցին սպորտային մարմնամարզության ամենաերիտասարդ հայ Եվրոպայի չեմպիոնին՝ Համլետ Մանուկյանին եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանին:

Հունիսի 2-ին կեսգիշերն անց Մյունխեն - Աթենք - Երեւան չվերթով հայրենիք վերադարձան Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրները եւ սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։

Չեմպիոններին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, սպորտի այլ ներկայացուցիչներ: Արթուր Դավթյանի ամենամեծ երկրպագուն եւ դիմավորողը նրա ավագ դուստրն է՝ 6-ամյա Ալիսան, որն այս անգամ եւս անհամբեր սպասում էր չեմպիոն հայրիկի դուրս գալուն:

Չեմպիոններին եւ մեդալակիրներին «Զվարթնոցի» սպասասրահում դիմավորեցին ծափահարություններով, պաստառներով, ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանն էլ՝ դափնիներով: 

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 17-ամյա Համլետ Մանուկյանը, որը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում (14.766 միավոր):

Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արթուր Դավթյանը: Հենացատկի վարժության եզրափակիչում օլիմպիական փոխչեմպիոնը վաստակեց 14.799 միավոր:

Նույն վարժությունում փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):

Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Ավետիսյանը (14.366 միավոր):

Արթուր Ավետիսյանը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի առաջնություններում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի