Foto

Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված մի շարք խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել. Արա Զոհրաբյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով բողոք է ներկայացվել: Այս մասին գրել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: 

«Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգալիրությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը:

Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը:

Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել: Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»,-գրել է նա: