«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։
Նա նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։
«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։
Սիյարտոն հայտարարել է, որ լավ քննարկում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, և ինքը պարզ ասել է, որ Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում։ Նա նշել է, որ դա վերաբերում է Եվրամիության ցանկացած ռեսուրսից հատկացվող աջակցությանը։
«Եվ, եթե դա մեկ անգամ աշխատել է, կաշխատի նաև հիմա»,- եզրափակել է Սիյարտոն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։