Foto

Փաշինյանը և Ալբանիայի վարչապետը Տիրանայում քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի կայքը: 

Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում` քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։