Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Բորնմութի» հետ 20-ամյա կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը արդեն կնքվել է, և «սերուցքայինները» կվճարեն «Բորնմութին» 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (59.3 միլիոն եվրո) հրաժարագնի կետը՝ վճարումը կատարելով երեք փուլով։ Այդ գումարի 10 տոկոսը կփոխանցվի «Յուվենտուսին», իսկ 5 տոկոսը՝ «Մալագային»։
Նշվում է, որ Հյոյսենի համար պայքարում «արքայական» ակումբը հաղթել է Լոնդոնի «Չելսիին» և «Լիվերպուլին»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել մադրիդյան գրանդ՝ մերժելով այլ ակումբների առաջարկները։
Ընթացիկ մրցաշրջանում Հյոյսենը «Բորնմութի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։