ԱՄՆ իշխանությունները մշակել են Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ, որոնք ներառում են միջոցառումներ բանկային և էներգետիկ ոլորտների դեմ։ Ռեստրիկցիաները, մասնավորապես, վերաբերում են «Գազպրոմ»-ին և այլ բնական ռեսուրսներով զբաղվող ընկերություններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության աղբյուրները պնդում են, որ պատժամիջոցները մշակվել են՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանությունների վրա և դրդել նրանց ստորագրել խաղաղության պայմանագիր Ուկրաինայի հետ։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը փորձում է համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ ավելի խիստ միջոցների շուրջ։ Այդ մասին հայտնել է Reuters-ի զրուցակիցներից մեկը։ Սակայն պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի մշակված պատժամիջոցների փաթեթը, նշում է գործակալությունը։
Մայիսի 2-ին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոխում է խաղաղ կարգավորման հարցի «ոճը և մեթոդաբանությունը»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի լինելու ռազմական հակամարտության կողմերի միջև միջնորդ։ Նույն օրը Bloomberg-ը գրել էր, որ ամերիկյան պաշտոնյաները մշակել են տարբերակներ՝ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար։ Գործակալության աղբյուրները չեն հրապարակել, թե ինչ միջոցներ են առաջարկվել։