Foto

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ մայիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմանում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած Iveco մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106.5 կմ-ում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդն էլ ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։