Foto

Մահացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։

Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։

Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

***

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի կենսագրությունը

Տեր Տիրայր (ավազանի անունը՝ Տիգրան) ավագ քահանա Սահրադյանը ծնվել է 1958թ. Արարատի մարզի Ազատաշեն գյուղում:

Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1973 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:

1977-1979 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը:

1980 թ. ծառայության է անցել Դոնի Ռոստովի հայկական եկեղեցում:

1981 թ. մեկնել է Բաքու և այնտեղ ծառայել մեկ տարի, այնուհետև երկու ամիս՝ Գանձակում:

1982 թ. վերադարձել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ:

1982 թ. սեպտեմբերի 12-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1984 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

1985-1986 թթ. ծառայել է Սիսիանի եկեղեցում՝ որպես այցելու քահանա:

1993 թ. ծառայության է նշանակվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ որպես հոգևոր հովիվ և ծառայել մինչև 2000 թվականը:

1998 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

1999-2003 թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:

2002 թ. ապրիլից հոկտեմբերի 10-ը զուգահեռ ծառայել է նաև Չարբախի Ս. Խաչ եկեղեցում:

2004 թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

2003 թվականից ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։

2013 թվականից ծառայել է Նոր նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա։

2014 թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության Եռաբլուր պանթեոնի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2016 թ. ապրիլի 7-ին նշանակվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացած էր, ուներ 2 զավակ: