Foto

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ Ռուսաստանի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի   դեսպան Սերգեյ Կոպիրկինը   «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերներին։

Դեսպանը, մասնավորապես, նշել է․

«Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին»։

Հարցին՝  ի՞նչ դեր ունի Արևմուտքը տարածաշրջանում Մոսկվայի տեսանկյունից, և ինչպե՞ս է դա ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա, որքանո՞վ է Ռուսաստանը լուրջ ընդունում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կապերի ընդլայնման մասին, դեսպան Կոպիրկինը պատասխանել է․

«Նախևառաջ կցանկանայի նշել կարծրատիպային կարծիքների տարածման մասին, թե Ռուսաստանը, ըստ սահմանման, դեմ է արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը և ներկայությանը: Ամենևին էլ ոչ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարավային Կովկաս։

Ցավոք, մենք վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ։ Ի դեպ, նրանց պաշտոնական ներկայացուցիչներն իրենք են «մեղայականով» ներկայացել  Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ-ի և նրա անդամ պետությունների պաշտոնատար անձինք «հանել են դիմակները» և սկսել են բացահայտ հայտարարել, որ մտադիր են հասնել Հարավային Կովկասում Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի «չարորակ» ազդեցության նվազեցմանը: Դրա հետ է կապված նրանց նպատակասլացությունը՝ ոչնչացնել Երևանի և Մոսկվայի դաշնակցային կապը՝ հայ գործընկերներին «հարաբերությունների դիվերսիֆիկացման» հարցում օգնելու պատրվակով։

Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում