Foto

Հայհոյանքն ու ծեծը խնդիրները հարթելու միջոցներ են դարձել․ իշխանությունը կորցնում է կառավարման հավասարակշռությունը

Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում տեսախցիկների առաջ ծեծի ենթարկեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նա պարզապես գնացել էր մասնակցելու վարչական շրջանում տեղի ունեցող հանրային քննարկմանը։ Վարչական շրջանի աշխատակիցը, ով դուրս եկավ ղեկավարի աշխատասենյակից, ասաց, որ Չախոյանի հետ խոսելու բան ունի, բայց առանց տեսախցիկների։ Ինչին ի պատասխան Չախոյանը համաձայնեց առանձին խոսել և խնդրեց, որ դա հանրային քննարկմանը չխառնեն և խոսեն դրանից հետո։

Վարչական շրջանի աշխատակիցը նաև հայտարարեց, որ Չախոյանը վիրավորել է իրենց բոլոր աշխատակիցներին, ապա նաև նրան ասաց․ «Դու լավ տղա չես», Չախոյանն էլ պատասխանեց, որ նա լավ տղա չի և աշխատակիցը հենց ղեկավարի ընդունարանում, տեսախցիկների առջև հարվածեց հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով այնտեղ եկած ակտիվիստին։ Սկսվեց ծեծկռտուք և վարչական շրջանի մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև ղեկավարը, ով օգնության հասավ, սկսեցին միասին ծեծել ակտվիստին։

Նշեք, որ լարված իրավիճակը նախապատմություն ունի։ Երեկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ասել էր. «Հայհոյել եմ, լավ եմ արել, Մեսրոպ Մանուկյանին էլ ասում եմ՝ քաղաքական թիմիդ շարիր, էդ քարը նվեր կտամ, դրանով խփիր թիմիդ գլխին, վերջում էլ՝ ղեկավարիդ գլխին»: Մեսրոպ Մանուկյանը երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։

Նշենք, որ երեկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ի պատասխան ակցիա են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ նկարներ են փակցրել և յոգուրտ լցրել նկարների վրա։

Այսօր առավոտյան էլ ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։ Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը»։

Այստեղ էականն այն է, որ նման միջադեպերը գրեթե ամենօրյա ռեժիմով են։ Պետական ապարատում գրեթե միշտ՝ ղեկավարի մասնակցությամբ կամ հենց իրենց աշխատասենյակում, կամ ուղիղ հրահանգով փողոցային բառապաշար են օգտագործում, իրար քաշքշում և ծեծում։ Իհարկե իրավիճակը միայն ցածր օղակում չէ։ Ազգային ժողովում՝ վարչապետի ներկայությամբ, իր թիմակից պատգամավորը քացիներով հարվածում է ընդդիմադիր պատգամավորին, և սա մեկ կամ երկու դեպքի մասին չէ։ ԱԺ-ում ծեծկռտուքների և հատկապես փոխադարձ վիրավորանքների պակաս չկա։ Նույն իրավիճակը Երևանի ավագանու նիստերին է՝ հայհոյում են նույնիսկ կանայք։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչպես են իրենց պահում ԱԺ պատգամավորները, ավագանու անդամները: Ընդ որում՝ նաև ԱԺ նախագահը և Երևանի քաղաքապետը այլ միջավարերում։ Օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնում են քաղաքցու ձեռքերը, իսկ Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա։ Տիգրան Ավինյանի հայրը վարորդների ինչ-որ խմբի «համբալ» է անվանում և այլ բազմաթիվ օրինակներ։ Նախարարները ևս միջադեպերից զերծ չեն, զոհված զինծառայողների ծնողները երեկ պատմում էին, թե ինչպես է Աննա Հակոբյանը սպառնացել և վիրավորել իրենց, հենց իրենց որդու շիրիմի կողքին՝ Եռաբլուրում։  Հանցագործությունների դեպքերը շարունակում են աճել, քաղաքացիներն իրար նկատմամբ անհանդուրժող են դարձել։ Նույնիսկ էլիտա համարվող շրջանակներում են խնդիրները լուծվում հայհոյանքներով և բռնությամբ՝ բուհի ռեկտոր-դասխոս վիճաբանություն՝ բուհի նախասրահում, ուսանողների աչքի առաջ, գիտությունների ազգային ակադեմիա՝ գիտականնների հանդիպում և այլն։

Սա խոսում է առնվազն նրա մասին, որ երկրում ստեղծվում է քաոտիկ, անպատժելի միջավայր, քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս, իսկ պատկան մարմիններն այն վերահսկել չեն կարողանում։ Հաճախ ծեծի են ենթարկվում նաև օրենքի ներկայացուցիչները, ոստիկանության բաժիններում՝ փաստաբանները, որոշ դեպքերում քաղաքացիները պարեկային ծառայողների են ծեծում և այլն։ Մայրաքաղաքում ամենուրեք բողքոի ակցիաներ են, որոնք ևս ինչ-որ փուլում ագրեսիվ են դառնում։ Նման իրավիճակը չկանխելու, չկառավարելու դեպքում երկրում պարզապես հասունանալու է քաղաքացիական պատերազմ, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան