Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին
վերադասավորումներից ամենաքննարկվողը դարձավ Արսեն Թորոսյանի վերադարձը գործադիր իշխանություն՝
այս անգամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ 2021թ.-ի արտահերթ ընտրություններից
հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Թորոսյանի համար տեղ չգտնվեց և նրան գործուղեցին
Ազգային ժողով, որպես հասարակ պատգամավոր։ Թորոսյանին չվստահեցին նույնիսկ ԱԺ առողջապահության
և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր Նարեկ Զեյնալյանը, ում հետ նա վատ հարաբերություններ ուներ։
Նույնիսկ ՔԿ նախկին պետ Քյարամյանի հետ հայտնի միջադեպից հետո, երբ Զեյնալյանը
WhatsApp-յան նամակներից ստացավ և լքեց պաշտոնը, միևնույն է՝ Թորոսյանը շարունակեց
մնալ իրեն ոչ հարազատ հանձնաժողովում։ Թորոսյանին բոլոր ճանաչողները գիտեին, որ նրա
հիմնական նպատակը գործադիր իշխանություն վերադառնալն էր։ Նա դրա համար ամեն ինչ անում
էր՝ հրապարակային պաշտպանում էր վարչապետին և ՔՊ բոլոր նախաձեռնությունները, նույնիսկ
այնքան հեռուն գնաց, որ ԱԺ ամբիոնից հայհոյանքներ հնչեցրեց։
Իսկ ինչու՞ հիմա վարչապետը որոշեց կատարել
Թորոսյանի ցանկությունը և նրան կրկին վերադարձնել գործադիր, և ինչու՞ հենց Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարություն։ Vesti.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝
այս նշանակման առանցքում առողջապահական համապարփակ ապահովագրության (ԱՊՊԱ) վերագործարկման
օրակարգն է, որի հեղինակը Արսեն Թորոսյանն է եղել։
ԱՊՊԱ համակարգի ներդրումը տարիներ շարունակ
բախվել է մեկ գլխավոր հարցի․ ո՞վքեր և ինչպե՞ս են վճարելու։ Սկզբնական մոդելներում նախատեսվում
էր 4-6% հավելյալ հարկ, որը դառնալու էր լուրջ սոցիալական բեռ։ Փորձագետները նշում էին,
որ նման ֆինանսական լուծումը խիստ անարդյունավետ է՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների
ցածր մակարդակը, և վստահեցնում, որ
համակարգը, մասնավորապես ԱՊՀ-ները՝ պոլիկլինիկաները, պատրաստ չեն այդ ձևաչափին։
Ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թորոսյանի թիմում էր, երբ նման
նախագիծ էր դրվում շրջանառության մեջ և լավ տիրապետում է, թե ինչ է պետք անել։ Թորոսյանն
էլ գործուղվում է մյուս ոլորտային գերատեսչություն, որպեսզի կիստ թողած նախագիծը դառնա իրականություն։
Առանց Թորոսյանի մի քանի անգամ փորձ արվեց համակարգը ներդնել, նույնիսկ տոկոսային որոշակի
իջեցումներ արվեցին, սակայն ապարդյուն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանը, գործադիր
վերադառնալու համար, խոստացել է այն գլուխ բերել։
Այսօր, երբ խոսվում է ԱՊՊԱ համակարգի
նոր մեկնարկի մասին, կարևոր է արձանագրել, որ իրական բուժսպասարկման մակարդակը շարունակում
է մնալ ցածր։ Տարրական բուժսպասարկման որակը հաճախ չի բավարարում սովորական չափանիշներին,
մասնագետների արտահոսքը չի դադարում, իսկ մարզերում բժշկական հասանելիությունը սահմանափակ
է։ Այս պայմաններում ֆինանսական մոդելի կատարելագործումը չի լուծի համակարգի հիմնական
խնդիրները։ Իհարկե, որոշ խնդիրներ լուծելու քայլեր արվել են, օրինակ՝ օպտիմալացման
անվան տակ մի շարք բուժհաստատություններ փակվեցին, որպեսզի ծայրահեղ խայտառակ վիճակի
արձանագրում չունենանք՝ բուժսպասարկման որակ, կադրերի պակաս, ոչ կոմպետենտ մասնագետներ,
սարքավորումների դեֆիցիտ, առաջացողների սարսափելի վատ վիճակագրություն։
Իշխանության գրեթե բոլոր վերջին խոշոր
ծրագրերը՝ սկսած ներդրումային նախաձեռնություններից մինչև կրթական բարեփոխումներ, փաստացի
տապալվել են կամ իրականացվել կիսատ։ Այս ֆոնին ԱՊՊԱ-ն դառնում է հերթական մեծ նախագիծը,
որի հաջողությունը դեռևս կասկածի տակ է։ Իսկ նախարար եղած ժամանակ Թորոսյանն ապացուցել
է, որ կարող է մինչև վերջ գնալ իր նախաձեռնությունների հետևից և հաշվի չառնել բնակչության
շահը։ Երբ փակվում էին մի շարք բուժհաստատություններ՝ հաշվի չառնվեց, որ բնակչության
համար էական լուրջ խոչընդոտներ են ստեղծում և բուժսպասարկումը դարձնում առավել անհասանելի։
ՁԻԱՀ կենտրոնը «օպտիմալացնելիս»՝ աշխատակիցների 90 տոկոսը աշխատանքից ազատման դիմում
գրեց, սակայն, միևնույն է, այն փակվեց։ Կորոնավիրուսից առաջ նույն ձևով փակվեց Երևանի
տուբդիսպանսերը և այլն։ Կորոնավիրուսի ֆոնին այդ աստիճան մահերի թվերը մնացին անպատասխան,
մեծ ֆինանսական հոսքերի հաշվետվությունները մնացին ընդհատակում, թեև դատական ատյաններում դեռ այդ գործերը
քննության փուլում են։ Ֆինանսավորման անորոշ վիճակ և անպատասխան շատ հարցեր մնացին
նաև 2020թ.-ի պատերազմից հետո։ Սակայն նա կարողանում է հանրության ուշադրությունը շեղել
և կատարել վերադասի բոլոր ցանկությունները։ Թեկուզ դա անում է մահերի, կյանքի վատ որակի
և չթույլատրված պատվաստանյութերի կիրառման, մանկական դագաղների արտադրության բիզնես
առաջարկելու, Ապրիլյան պատերազմում հաշմանդամություն ստացած հերոսների մասին ասելով՝
«50 հաշմանդամ են և այդպես էլ մեռնելու են» և նման այլ որակի դրսևորումներով, որն ամեն
մեկը չէ, որ կարող է անել։ Բոլորի բարոյականությունը նույն հարթությունում չէ և ոչ
բոլորն են կարողանում այդ կերպ հասնել իրենց առաջ դրված խնդիրներին։
Թորոսյանը Փաշինյանին խոստացել է մինչև տարեվերջ ունենալ արդեն լրամշակված նախագիծ, որը, չնայած Ավանեսյանի հետ լարված հարաբերություններին,
պետք է իրականություն դարձնեն։ Ընդ որում, եթե Ավանեսյանի հետ համագործակցությունը
լավ չստացվի՝ Փաշինյանը պատրաստակամ է նույնիսկ նրան փոխարինել Թորոսյանի ընտրած կադրով՝
միայն թե առանց ցնցումների մինչև 2026թ.-ի ընտրություններն առողջապահական ապահովագրական համակարգը
ներդրված լինի և ֆինանսական հոսքերը՝ տեսանելի։