Foto

Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կառուցվում է 2 կամուրջ

2023 թվականի հոկտեմբերի կեսերից պետբյուջեի միջոցներով մեկնարկել և ընթանում են Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության 12,9 կիլոմետր երկարության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք արդեն իրականացվել են շուրջ 89 տոկոսով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության  և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նույն ծրագրի շրջանակներում էլ իրականացվում են Գավառ-Գեղարքունիք ճանապարհի Սարուխանի և Լանջաղբյուրի հատվածների կամուրջների կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են հունիսից։ Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի Լանջաղբյուրի հատվածում կամրջի շինարարությունը հիմնովին ավարտված է, իսկ Սարուխանի հատվածում կառուցված են հիմքերը և հենապատերը, շուտով կտեղադրվի նաև ծածկը։  

Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 235 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեից։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտեբոնե ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալբետոնե երկշերտ նոր ծածկի տեղադրում՝ 12,9 կիլոմետր երկարությամբ և 91 հազար քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնե ծածկած վաքերով, որոնք միաժամանակ կծառայեն որպես մայթեր, Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ հեղեղատար-կոյուղու կառուցում։ 

Արդեն իրականացվել են շուրջ 2 միլիարդ 900 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում 12,9 կիլոմետր երկարության ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 12,2 կիլոմետր երկարությամբ ու 85 հազար 640 քմ մակերեսով, կառուցվել է Գավառ քաղաքի հեղեղատար կոյուղին։ 

Ծրագրով նախատեսված 15 հազար 885 քմ մակերես ունեցող մայթերից սալիկապատվել է 12 հազար 438 քմ-ն, իսկ ասֆալտապատվող 15 հազար 693 քմ մայթերից ասֆալտապատվել է 11000 քմ-ն։

Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ գյուղերով և Գավառ քաղաքով։ 

Շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև 2025 թվականի վերջերին։

Սարուխան գյուղի հատվածում ընթացող կամրջաշինական աշխատանքների ընթացքը դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։