ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:
Կամո Վարդանյանը, ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը և սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից:
Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոմֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:
Պատահակա՞ն է արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանության ցանկությունը: Ո´չ»։