Իսպանիան կկրճատի Մադրիդի և Սևիլիայի միջև երթևեկող գնացքների թիվը և կուժեղացնի երկաթուղային անվտանգության միջոցառումները՝ արագընթաց գնացքի վթարից հետո, որի հետևանքով 69 մարդ է զոհվել։
Կառավարությունը միաժամանակ հաստատել է տուժածներին և զոհվածների ընտանիքներին տրամադրվող 30 միլիոն եվրոյի օգնության փաթեթը։
Ինչպես երեքշաբթի հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, միջոցառումները հաստատվել են վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ անցկացված նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում։
Վթարը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Մադրիդից մոտ 130 կմ հարավ գտնվող Ուրդա քաղաքի մերձակայքում։ Պետական Renfe ընկերության արագընթաց գնացքը բախվել է մասնավոր Iryo օպերատորի՝ կանգնած գնացքի հետևի հատվածին։
Սա արդեն երկրորդ խոշոր երկաթուղային պատահարն է Իսպանիայում՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Հունվարին Անդալուսիայի Ադամուս քաղաքում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 46 մարդ էր զոհվել։
Ուրդայի մերձակայքում տեղի ունեցած վթարի քննությունը կենտրոնացած է առաջին հերթին գնացքների երթևեկության կառավարման LZB համակարգի խափանման և երկաթուղային ենթակառուցվածքի օպերատոր Adif-ի կարգավարական կենտրոնի տված հրահանգներում հնարավոր սխալների վրա։
Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ Մադրիդ–Սևիլիա երթուղով երթևեկող գնացքների թիվը կկրճատվի մինչև գնացքների երթևեկության կառավարման եվրոպական ERTMS համակարգի շահագործման հանձնումը։
Բացի դրանից, գործող LZB համակարգի խափանման դեպքում մեքենավարներին տրվող հրահանգները պետք է լրացուցիչ ստուգի և հաստատի կարգավարական կենտրոնի երկրորդ աշխատակիցը։ Իշխանությունները մտադիր են նաև ավելացնել կարգավարական կենտրոնների աշխատակազմը և բարելավել աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Տուժածների և զոհվածների հարազատների համար օգնության հատուկ կետեր կստեղծվեն։ Վնասվածքներ ստացածների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար։








