Foto

Գերհարդ Շրյոդերի կուսակցությունում քննություն են սկսել՝ Պուտինին նրա այցից հետո

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում (SPD) նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների քննարկման նոր ընթացակարգ են նախաձեռնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նրա այցից հետո։ Հաննովերի կուսակցական տեղական բաժանմունքը երկու համապատասխան դիմում է ստացել, հայտնել է SPD-ի Հաննովերի բաժանմունքի գործերի կառավարիչ Քրիստոֆ Մատերնեն, գրում է Spiegel հանդեսը։

Նշում է, որ այժմ ստուգվում է՝ արդյոք փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են սահմանված պահանջներին։ Մատերնեն չի բացահայտել, թե որ կուսակցական կազմակերպություններն են ներկայացրել դիմումները՝ վկայակոչելով կուսակցական արբիտրաժի կանոնները։ Ավելի վաղ դրա մասին հայտնել էր Badische Neueste Nachrichten-ը։

Շրյոդերն արդեն բախվել է Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով իր նկատմամբ կարգապահական պատժամիջոցների կիրառմանը հասնելու փորձերի։ 2022 թվականին 17 կուսակցական կազմակերպություն քննություն էր նախաձեռնել, սակայն SPD-ի Հաննովերի տարածաշրջանային բաժանմունքը կուսակցության կանոնադրության խախտումներ չէր հայտնաբերել։ Յոթ կազմակերպությունների բողոքարկումները ևս արդյունք չէին տվել։ 2023 թվականին կուսակցական արբիտրաժային ատյանները մերժել էին պատժամիջոցներ կիրառելու պահանջները։

Հոկտեմբերի սկզբին Շրյոդերը կրկին արժանացավ կուսակիցների քննադատությանը՝ Մոսկվայում Պուտինին այցելելուց հետո, որտեղ Ռուսաստանի նախագահը նշում էր իր ծննդյան օրը։ Դրանից կարճ ժամանակ առաջ նախկին կանցլերն ընդգրկվել էր գերմանական Globus սուպերմարկետների ցանցի ռուսական ստորաբաժանման դիտորդ խորհրդի կազմում։

Շրյոդերը Գերմանիայի կառավարությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Նա վաղուց բարեկամական հարաբերություններ է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննադատության է ենթարկվում ռուսական ընկերությունների հետ կապերի պատճառով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո նա բազմիցս հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։

SPD-ից հեռացումը հնարավոր է միայն խիստ պայմանների պահպանման դեպքում. ըստ կուսակցության կանոնադրության՝ անդամը պետք է միտումնավոր խախտած լինի դրա կանոնները կամ էապես խախտած լինի կուսակցական սկզբունքները կամ կարգը՝ կուսակցությանը լուրջ վնաս պատճառելով։ Հեռացումից բացի, հնարավոր են ավելի մեղմ միջոցներ, այդ թվում՝ նկատողություն։