Մի քանի զրահամեքենա, ինչպես նաև մեծ թվով ոստիկաններ և ժանդարմներ հերթապահում են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Ոստիկանության և ժանդարմերիայի բազմաթիվ մեքենաներ են կայանված նաև զբոսաշրջային վայրերի հարակից փողոցներում, այդ թվում՝ Ելիսեյան դաշտերում, Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի մոտ, ինչպես նաև քաղաքի այլ հատվածներում։
Շաբաթ օրը Փարիզում սպասվում է արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ զանգվածային ցույց։ Մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան չի համաձայնեցրել կազմակերպիչների առաջարկած՝ Բաստիլի հրապարակից մինչև Ազգի հրապարակ երթուղին։ Փոխարենը համաձայնեցվել է քաղաքի ծայրամասով անցնող երթուղի՝ Պորտ դ’Իտալի մետրոյի կայարանից մինչև Պորտ դը Վենսենի կայարան։
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ցույցերը վերածվել էին անկարգությունների և թալանի։ Դրանից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը խոստացել է զգալիորեն խստացնել անվտանգության միջոցառումները և հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների ու ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։
Ակնկալվում է, որ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ամբողջ տարածքում նախատեսված ցույցերին կմասնակցի մինչև 500 հազար մարդ։









