Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում հարձակումների սրման մեջ, երբ Սև ծովի ափերի մոտ Ռումինիայում անօդաչուի հարվածի հետևանքով խորտակվել է բեռնանավ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ նավաստի, ևս երեքը համարվում են անհետ կորած։ Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ռումինիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Կոմորյան կղզիների դրոշով ընթացող «KHORYV» նավը, որի անձնակազմում եղել են 13 ուկրաինացի և ադրբեջանցի նավաստիներ, աղետի ազդանշան է ուղարկել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։
Ինը նավաստի փրկվել են ջրից, երեքը համարվում են անհետ կորած, հայտնաբերվել է մեկ մարմին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել նավի վրա հարձակման կապակցությամբ։ «Խորապես մտահոգված եմ Սև ծովում Ռուսաստանի կողմից հերթական էսկալացիայով։ Ռումինիայի ափերի մոտ խոցվել է քաղաքացիական նավ, որում եղել են ուկրաինացի և ադրբեջանցի անձնակազմի անդամներ։ Իմ մտքերը զոհված նավաստու ընտանիքի և հարազատների, ինչպես նաև անձնակազմի երեք անդամների ընտանիքների հետ են, որոնք մինչ այժմ համարվում են անհետ կորած»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են, որ բոլոր երեք ադրբեջանցիները փրկվել են։









