Foto

Էրդողանին մոտ կանգնած պարբերականում Ադրբեջանը նոր Ուկրաինայի վերածելու սպառնալիքի մասին հոդված է հրապարակվել

Եթե վաղը Արևելյան Միջերկրականում թուրք-իսրայելական պատերազմ կամ Էգեյան ծովում՝ թուրք-հունական պատերազմ բռնկվի, արդյո՞ք Արևելքից ևս մեկ սպառնալիք չի առաջանա։ Արժե՞ արդյոք Թուրքիային հաշվի առնել նաև այդ գործոնը։ Դրա մասին ասվում է Էրդողանի խոսափողը համարվող թուրքական Yeni Safak պարբերականի հոդվածում։

«Եթե բացվում են Ադրբեջանը նոր Ուկրաինայի վերածելու դռները, ապա այդ դռները պետք է անհապաղ փակվեն։

Որովհետև եթե Կովկասն ընկղմվի քաոսի մեջ, ոչ ոք չի կարողանա ամեն ինչ շտկել։ Կենտրոնական Ասիայի մասին երազանքը կավարտվի՝ նույնիսկ չհասցնելով սկսվել։ Ռազմավարությունը, որը տասնամյակներ շարունակ կիրառվել է Մերձավոր Արևելքում, անթույլատրելի է Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։

Սխալ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ներկայիս լարվածությունը դիտարկել որպես պարզապես թյուրիմացություն։ Նախատեսվում է ավելի լայնածավալ կառուցվածքային պառակտում։ Բացի դրանից, միանգամայն պարզ է, թե ով է կանգնած այս դավադրության հետևում։ Բայց եթե Ադրբեջանն իր համար ընտրել է այլ ուղի, պետք է հասկանալ, որ Թուրքիան նույնպես կձեռնարկի իր նախազգուշական քայլերը։

Չի կարելի թույլ տալ, որ պատերազմը, մասնատվածությունն ու ցնցումները Մերձավոր Արևելքից տարածվեն Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Թուրքիան աշխարհագրական պատասխանատվություն է կրում, որը չի կարող սահմանափակվել Ադրբեջանի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության նեղ շրջանակով։

Ըստ ամենայնի, այդ քննարկումը կշարունակվի մինչև Իսրայելում ընտրությունները և Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։

Մենք հույս ունենք, որ իրավիճակը կհանդարտվի։ Հակառակ դեպքում կհետևեն երկրորդ և երրորդ քայլերը, որոնք շատ ավելի լուրջ տարաձայնությունների կհանգեցնեն։ Թուրքիայի լռությունը պայմանավորված է հարցի նրբությամբ և վնասը նվազագույնի հասցնելու ձգտմամբ։ Դա թուլություն չէ, այլ խոհեմ քայլ։

Ալիևը չպետք է իր ձեռքում եղած իշխանությունն օգտագործի Թուրքիայի և թյուրքական աշխարհի դեմ։

Ադրբեջանը չպետք է փակի Թուրքիայի արևելյան դարպասները, չպետք է Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև հարաբերությունները պատանդ պահի։

Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության միակ պատճառը Իսրայելի՝ Թուրքիայի արևելքում նոր «ճակատ» ստեղծելու փորձերն են։ Խնդիրը ոչ թե Իրանում է, ոչ թե Ռուսաստանում, այլ անմիջապես Թուրքիայում։ Դա Թուրքիան բացառող «թյուրքական աշխարհի» ստեղծման ծրագիր է։ Եվ սա զուտ իսրայելական դավադրություն է»,- նշվում է հոդվածում։