Foto

Երրորդ երկրներին դիմել ենք՝ կամ հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու խաղացեք. Արարատ Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

«Այդ մարդիկ ունենք նամակագրության, տեսակցության իրավունք։ Սա մենք քննարկում ենք ադրբեջանական կողմի հետ ուղիղ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, որ Բաքվում պահվող հայ գերիների ավելի քան 1254 հարազատներ նամակներ են փոխանցել կառավարությանը, որպեսզի փոխանցեք գերիներին, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

Կոնկրետ հարցին՝ գերիների վերադարձ լինելու է, նա պատասխանեց. «Կարող եմ հերթապահ նախադասություններով պատասխան տալ, բայց սա այն հարցն է, որը լուծում է  պահանջում։ Պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե չասենք՝ հակառակը։ Բոլորի ազատ արձակման ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում։

Ուղղակի՝ ինչի չեմ կարող երաշխավորված վստահությամբ ասել կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից կախված չէ։ Մենք չենք դադարելու այս ուղղությամբ ջանքերը։ Անկեղծորեն, ես չեմ հասկանում, թե ինչու այդ հարցը չի լուծվում։ Չեմ կիսում իրենց կողմի բացատրությունները, մոտեցումները»։ 

Գերիներին հետ բերելու համար 3-րդ երկրներին դիմելու հետ կապված Ա. Միրզոյանն ասաց. «Չի աշխատել դա։ Անիմաստ է։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ հնարավորություն երրորդ երկրով հարցը լուծելու ու մենք չենք անում։ Ամենաշահագրգիռը մենք ենք, որ այդ հարցը լուծվի։ 

Երրորդ երկրներին դիմել ենք, կամ հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու խաղացեք։ Դա է իրականությունը»։