Foto

Մտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»

Ի պատասխան ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ի հրապարակման՝ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել:

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ն դեղատնային գործունեություն չի իրականացնում․ ընկերությունը զբաղվում է դեղամիջոցների և պարագաների ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Հետևաբար, հրապարակման մեջ «ընկերության դեղատներում» հայտնաբերված խախտումների մասին ձևակերպումը ճշգրիտ չէ։

Հրապարակումը ենթադրաբար վերաբերում է ընկերության մեծածախ գործունեության տարածքում անցկացված ստուգմանը, որը չի առնչվել դեղամիջոցների իրացմանը։ Ստուգման շրջանակում բարձրացված հարցերը վերաբերել են որոշ ոչ պարենային ապրանքների և գովազդային նյութերի, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել իրացման համար։

Բացի այդ, իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագրում ներառվել են բազմաթիվ ապրանքներ, որոնց առնչությամբ ընկերությունը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Ընկերությունը սահմանված կարգով վիճարկելու է տվյալ վարչական ակտը՝ ակնկալելով նշված ապրանքների բացառումը կարգադրագրին կից ցանկից։

Հարկ ենք համարում նշել նաև, որ վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի սոցիալական էջում նախքան վարչական ակտի սահմանված կարգով ուժի մեջ մտնելը:

Մտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ և ստուգման առարկան ու շրջանակը չհստակեցնող տեղեկատվության հրապարակումը։ Այն կարող է հանրության շրջանում թյուր պատկերացում ձևավորել՝ մասնավորապես տպավորություն ստեղծելով, թե արձանագրված հարցերը վերաբերում են դեղատնային գործունեությանը կամ դեղամիջոցների իրացմանը, և վնասել ընկերության գործարար համբավը։

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ն կարևորում է օրինականության, թափանցիկության և պատշաճ վարչարարության սկզբունքների պահպանումը և իրեն իրավունք է վերապահում օրենքով նախատեսված միջոցներով պաշտպանելու իր օրինական շահերն ու գործարար համբավը։