Foto

Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից

Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Արդեն մեկ տարի է՝ թեմի եկեղեցիներում անդադար և անտրտունջ աղոթք է բարձրացվում առ Աստված։ Այս աղոթական ընթացքը սկիզբ է առել թեմակալ առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանիրավի կալանավորումից հետո։ Արդեն ուղիղ մեկ տարի է՝ Սրբազան Հայրը զրկված է իր հոգևոր զավակների հետ թեմում հանդիպելու և նրանց կողքին լինելու հնարավորությունից։

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միասին աղոթել են՝ հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր Հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, սիրելի Սրբազան Հոր, հոգևոր հայրերի և ամենքի համար:

Ժամերգության ավարտին ներկաներին իր հոգևոր խոսքն է ուղղել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։

Տեր Հայրը շնորհակալություն է հայտնել իր հոգևոր եղբայրներին՝ միասնական աղոթքի համար՝ ընդգծելով, որ մեր կյանքի և մեր ընթացքի հիմքում պետք է լինի Աստծո հետ հաղորդությունը և հավելեց.« Աստված մարդուն ստեղծել է Իրեն հաղորդակից լինելու և Իր հետ ապրելու համար։ Մարդը չպետք է կորչի միայն կենցաղի հոգսերի մեջ՝ մոռանալով իր Արարչին։ Երբ Քրիստոսին հանում ենք մեր մտքից և սրտից, կորցնում ենք մեր կյանքի ճիշտ ընթացքը, սայթաքում և ընկնում։

Ուստի պետք է պատրաստ լինենք, չուրանանք Քրիստոսին և մշտապես ձգտենք Տիրոջ հետ հաղորդակցության։ Մենք՝ քրիստոնյաներս, չպետք է վախենանք Տիրոջ հետ հանդիպումից, որովհետև յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ մենք հանդիպում ենք մեր Տիրոջը և հաղորդակից դառնում Նրա շնորհին»։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում։