Foto

ԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերով ենթակոմիտեի երկրորդ նիստը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանների հատման հավասար պայմանների ապահովմանն ու համապատասխան ընթացակարգերի պարզեցմանը, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծախսերի կրճատմանը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիներով երկաթուղային փոխադրումների թվայնացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն քաղաքականությանը, մաքսային ձևակերպումներին և Ռուսաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների իրականացման ընթացքում փաստաթղթաշրջանառության կրճատմանը։
Կողմերը պայմանավորվել են պատրաստել ԵԱՏՄ-ում և Իրանում տրանսպորտային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվական տեղեկատու։
Փաստաթուղթը կներառի տեղեկություններ միջկառավարական համաձայնագրերի, տրանսպորտի և սահմանների հատման վերաբերյալ միջազգային պայմանագրերի, ազգային իրավական ակտերի, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման հնարավորությունների մասին։