Չինաստանի հարավ-արևմտյան Գույան քաղաքում երեք տարեկան տղան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Սինա» լրատվական պորտալը։
«Գույան քաղաքում երեք տարեկան տղան պատահաբար ընկել է շենքի տասներորդ հարկից։ Բարեբախտաբար նա բռնվել է ներքևում գտնվող մրգի խանութի ծածկից», - նշվում է հաղորդագրության մեջ։
Պորտալը մանրամասնում է՝ ընկնելուց հետո երեխայի բերանից և քթից արյուն է հոսել, բայց նա գիտակցությունը չի կորցրել, անգամ ժպտացել է անցորդներին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կոտրվածքներ կամ ներքին վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Խանութի ծածկը վնասվել է, բայց սեփականատերը չի պահանջել փոխհատուցում:









