Foto

Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Կիրակի Ամերիկայի Արևելյան Թեմի առաջնորդ Գերշ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի հրավերով մասնակցեցի Չիկագոյի Էվանսթոն քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու Սուրբ Պատարագին։ Մեսրոպ Սրբազանը, որը պատարագեց, Սուրբ Պատարագի ընթացքում սարկավագ ձեռնադրեց երկու ամերիկահայ երիտասարդների։ Նրանցից մեկը չորրորդ սերնդի զավակ էր, իսկ մյուսը՝ առաջին սերնդի։ Երկուսն էլ շնորհալի, պատրաստված և նվիրված երիտասարդներ էին։

Դեռ մտքիս էր նախորդ օրվա ընդունելության ժամանակ մի երիտասարդ հայուհու ինձ ուղղած հարցը։ Նա հարցրել էր՝ արդյոք կարելի՞ է հետևել այլ կրոնի կամ դավանանքի, և ինչո՞ւ հայի համար անհրաժեշտ է մաս կազմել Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հարցումը պարզ էր, բայց խորիմաստ։ Փորձեցի բացատրել, որ Հայ Եկեղեցին հայի համար միայն դավանական պատկանելիություն չէ, այլ հոգևոր ինքնության, ազգային հիշողության և պատմական շարունակականության սրբազան օթևանն է։

Այդ երկու երիտասարդների սարկավագական ձեռնադրությունը դիտելիս՝ հիշեցի մեր այն սերունդներին, որոնք Ցեղասպանությունից փրկվելով՝ օտար ափերին վերստին կյանք կառուցեցին։ Նրանք զրկվեցին հայրենիքից ու տնից, բայց պահպանեցին իրենց հոգին ու հավատքը։ Այդ պատճառով էլ եկեղեցիներ հիմնեցին՝ ոչ միայն որպես աղոթավայր, այլև որպես ազգային հոգու ապաստարան, հիշողության պահոց և ժառանգության օրրան։ Եվ այդ եկեղեցիների շնորհիվ հնարավոր եղավ սերունդներ շարունակ կենդանի պահել հայկական ոգին՝ իր հոգևոր և ազգային ամբողջությամբ։

«Հոգին ավելի է, քան մարմինը»։ Ցեղասպանությունից փրկված հանգուցյալ հայրս հաճախ ասում էր. «Նախ՝ հոգու առողջություն, ապա՝ մարմնի»։ Այս խոսքը նրա կյանքի ուղեցույցն էր։ Նա այդ համոզումով ապրեց և խաղաղությամբ ավարտեց իր երկրային կյանքը՝ հավատքով անցնելով դեպի հավիտենականություն։

Այո՛, Ցեղասպանությունից փրկված սերունդը կարողացավ վերապրել Սփյուռքում, որովհետև հավատարիմ մնաց իր արմատներին, իր հայկական ոգուն և հոգևոր ժառանգությանը։ Հայ Եկեղեցին եղավ այն սրբազան օրրանը, որտեղ նոր սերունդներ կազմավորվեցին հոգևոր և ազգային արթուն գիտակցությամբ։ Այն եղավ այն ամուր կամուրջը, որը անցյալը կապեց ապագային և ազգային ժառանգությունը փոխանցեց սերնդից սերունդ։

Այդ սերունդները, պահպանելով իրենց հայկական ինքնությունը, միաժամանակ դարձան իրենց ընդունած երկրների արժանի ու նվիրված քաղաքացիները։

Ուստի, ձեռնադրվող այս երկու երիտասարդները հենց Հայ Եկեղեցու այդ սրբազան առաքելության կենդանի վկայությունն են։ Նրանց մեջ շարունակվում է մեր ժողովրդի հոգևոր ընթացքը, և նրանց ծառայության մեջ վերանորոգվում են մեր հավաքական հավատքն ու հույսը։
Եվ մտքիս եկան մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրված նշանավոր խոսքերը. «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուս»։ Արդարև, այդ մեկ տողի մեջ ամփոփված է մեր ժողովրդի պատմությունը, հիշողությունը, կորուստն ու վերածնունդը։ Որովհետև Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը»,- նշել է Սրբազան Հայրը։