Կառավարությունն առաջարկում է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Այն քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի շրջանակում կուտակված գումարներ, կկարողանան դրանք օգտագործել Կառավարության հատուկ որոշումով սահմանվելիք ուղղություններով:
«Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13 թվականներին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- նշել է Թորոսյանը:









