ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սայֆ աշ-Շամսին հանձնարարել է հետաքննություն սկսել Դուբայից Թել Ավիվ մեկնող flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։
Քննչական խումբը սկսել է իր աշխատանքները միջադեպի վերաբերյալ՝ համակարգելով այն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և այլ համապատասխան պետական մարմինների հետ։
Գլխավոր դատախազը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղեկատվություն և ապացույցներ հավաքելու, միջադեպին առնչվող փաստերը, հանգամանքները և դրդապատճառները պարզելու, ինչպես նաև ստուգելու, թե արդյոք այն կապված է որևէ ահաբեկչական գործունեության կամ նպատակի հետ, կամ արդյոք եղել է նախնական պլանավորում կամ ուղղորդում։
Աշ-Շամսին կոչ է արել հանրությանը խուսափել միջադեպի վերաբերյալ ենթադրություններից կամ չհաստատված տեղեկատվության տարածումից։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։









