ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանում պատերազմի լուսաբանումն ամերիկյան որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից որակել է «պետական դավաճանություն», իսկ լրագրողներին բնութագրել է որպես դավաճաններ այն բանի համար, որ նրանք գրել են Պենտագոնի գործողությունների մասին։
«Ազատ մամուլն, անշուշտ, կարևոր է, բայց կողմնակալ ակտիվիզմը, որը նպատակաուղղված արատավորում է զինծառայողներին և նրանց կողմից կատարվող պատմական առաքելությունը, սկզբունքորեն հակաամերիկյան երևույթ է։ Դա զզվելի է։ Դա պետական դավաճանություն է», – Axios-ի փոխանցմամբ, նշել է պատերազմի նախարարը՝ ելույթ ունենալով Վիրջինիայի նահանգում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ռազմակայանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մեր այսպես կոչված մամուլն ստիպում է, որ իրանական պետական զանգվածային լրատվամիջոցները խելամիտ տեսք ունենան», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելել է նախարարը։
Նա ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները ներկայացրել է որպես սպառնալիք ԱՄՆ զինծառայողների համար՝ Պենտագոնի աղբյուրների վրա հիմնված հրապարակումների պատճառով։ «Հենց ձեր տեղաշարժերն ու ռազմակայաններն են նրանք բացահայտում թշնամուն։ Հենց ձեր կյանքերն են նրանք անմիջական վտանգի ենթարկում, երբ ստում են զինամթերքի պաշարների մասին», – նշել է Հեգսեթը՝ դիմելով դահլիճում գտնվող զինծառայողներին։









