Կոֆեինը ժամանակավորապես բարձրացնում է արյան ճնշումը և ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, սակայն ախտորոշված հիվանդությունների բացակայության դեպքում այդ ազդեցությունները պարտադիր չէ, որ վտանգավոր լինեն։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտնել է երկար տարածությունների վազորդ, ինչպես նաև «МилФудс» ընկերության բարիստա-մարզիչ Դանիիլ Լոբադինը, որը կառավարում է Poetti ապրանքանիշը։
Փորձագետի խոսքով՝ օրգանիզմի արձագանքը կոֆեինին կարող է նման լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ տեղի ունեցող փոփոխություններին․ սրտի զարկերի հաճախականությունն ավելանում է, իսկ արյան ճնշումը՝ բարձրանում։
«Կոֆեինը սեղմում է անոթները և ժամանակավորապես բարձրացնում ճնշումը, ինչը հայտնի բժշկական փաստ է։ Բայց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անում է նույնը։ Օրինակ՝ երբ մարդը վազում է, լողում կամ մարզվում է հեծանվասարքով, սիրտն ավելի արագ է բաբախում, իսկ ճնշումը բարձրանում է», - ասել է Լոբադինը։
Նա նշել է, որ ախտորոշված պաթոլոգիաների բացակայության դեպքում կոֆեինի և ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը կարող է նպաստել օրգանիզմի ավելի արագ անցմանը ակտիվ վիճակի։
«Եթե ախտորոշված պաթոլոգիաներ չկան, այս երկու ազդեցությունները վնաս չեն պատճառում, այլ, հակառակը, համատեղ նպաստում են օրգանիզմի՝ ակտիվ աշխատանքային ռեժիմի ավելի արագ անցմանը», - ընդգծել է փորձագետը։
Միևնույն ժամանակ Լոբադինը սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց կոչ է արել զգուշություն ցուցաբերել։
«Բոլորովին այլ իրավիճակ է, եթե մարդու մոտ ախտորոշվել է առիթմիա, իշեմիա կամ հիպերտոնիա։ Այստեղ առանց բժշկի խորհրդի հնարավոր չէ, և կոֆեին օգտագործելու որոշումը պետք է կայացվի միայն հետազոտության հիման վրա», — հայտարարել է նա։
Փորձագետը նաև զգուշացրել է, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
«Կոֆեինի չափազանց մեծ չափաբաժնի հետևանքով ադրենալինի ավելցուկը հակառակ ազդեցությունն է ունենում․ կենտրոնացվածության փոխարեն առաջանում են դյուրագրգռություն և ցրվածություն»,- հավելել է Լոբադինը։









