Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:
Միաժամանակ, նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝
աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար, պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
անշարժ գույքի արժեքի սահմանաչափն անկախ երեխայի կարգաթվից սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարելի է ներկայացնել այստեղ:









