Foto

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին, «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը: Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստացել «Ազատություն»-ը:

Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:

«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում», - պատմեց Դավթյանը:

Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետը անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:

Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամսով այս համայնքը ղեկավարել է նաև 2022-ին, մամուլում էլ նա այդ ժամանակ հայտնվեց կադրային ջարդի լուրերով: Լիանա Դավթյանին էլ այդ ժամանակ հորդորել է դիմում գրել գնալ. «Ասեցի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»:

Հետո ազատել է աշխատանքից, դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումը հակաօրինական է ճանաչել, այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում ու 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացել: Հուլիսին, երբ նորից Կատվալյանին են նշանակել, Լիանա Դավթյանը արձակուրդում է եղել, չեն էլ սպասել, որ վերադառնա: Նրա աշխատասենյակը դատարկել են, ու նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում:

«Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասեց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»:

Նույնիսկ մեքենան են արգելում կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում, ու թաղապետի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ այսմիջադեպը ծավալվել է. «Խնդիրը գիտե՞ք, որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»:

Լիանա Դավթյանը այս անգամ էլ դատարան կդիմի, եթե թաղապետն անցնի գործնական քայլերի: